Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աշխարհի հետ կատարվելիքը սերտորեն կապված է Սիրիայում այժմ ծավալվող իրադարձությունների հետ

Աշխարհի հետ կատարվելիքը սերտորեն կապված է Սիրիայում այժմ ծավալվող իրադարձությունների հետ
12.06.2017 | 15:32

Հնդկաստանի WION հեռուստաընկերությանը հունիսի 4-ին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է. «Վստահ եմ. որ ամենաբարդ օրերը թիկունքում ենք թողել, եթե իհարկե, արևմտյան երկրները և նրանց դաշնակիցները չաջակցեն ահաբեկիչներին»:

Ի՞նչ հիմնավորում ունի Սիրիայի նախագահի լավատեսությունը, դրան զուգահեռ կատարած վերապահումը` եթե…


Հայտարարելով, թե «ամենաբարդ օրերը թիկունքում ենք թողել», Բաշար Ասադը նկատի ունի այն իրողությունը, որ Սիրիայի զինված ուժերը և իր ղեկավարած երկրի դաշնակիցները երկրում հիմնականում իրենց ձեռքն են վերցրել վերահսկողությունը:
«Հալեպի ազատագրման շնորհիվ, ԻԼԻՊ-ն ամբողջությամբ պարտվել է և տարածքի վերահսկողությունն անցել է սիրիական ուժերի ձեռքը»,- ասել է Սիրիայի նախագահը:
Բաշար Ասադի հավաստմամբ, իրավիճակը Սիրիայում նկատելիորեն բարելավվել է, քանի որ ահաբեկչական խմբավորումները, հիմնականում ԻԼԻՊ-ը և «Ան Նուսրան» նահանջում են, նրանց հսկողության ներքո եղած տարածքները նվազում են։
«Այսպիսով դաշտային իրավիճակը ռազմական տեսակետից հիմա շատ ավելի լավ է, քան նախկինում»,- ասել է Սիրիայի նախագահը:


Այնուհանդերձ, Ասադը նշել է նաև, որ Սիրիայում իրավիճակի ամբողջական պատկերը պայմանավորված է ոչ միայն ռազմական գործողություններով, այլև ահաբեկչական խմբավորումներին այլ երկրների կողմից աջակցությամբ և այլ գործոններով։
Բաշար Ասադը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան, ինչպես նաև Արևմուտքի մի քանի երկրներ, նրանց թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, իրենց քաղաքական նպատականերն իրականացնելու համար սատարում են ահաբեկիչներին: Ըստ Ասադի, հիշյալ աջակցությունը խոսում է «նոր դարաշրջանի» սկսվելու մասին, երբ հնարավոր է ահաբեկչության օգտագործումը քաղաքական նպատակների հասնելու համար։
Սիրիայի նախագահի կատարած վերոնշյալ վերապահումը միանգամայն հիմնավոր է, այդ մասին են վկայում փաստերը: Բաշար Ասադի տված այս հարցազրույցից ընդամենը երկու օր առաջ` հունիսի 2-ին, ԱՄՆ-ի հրամանատարության ներքո գործող, այսպես կոչված, ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի կողմից, չնայած ավելի վաղ նման հարձակումների առնչությամբ Սիրիայի կառավարության և մարդու իրավունքների պաշտպան կառույցների բողոքին, հերթական ավիահարվածն է հասցվել Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքի բնակելի տարածքներին, ինչի պատճառով զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ: Նույն օրը կոալիցիայի ռազմական ինքնաթիռները հարձակվել և ոչնչացրել են Ռաքքայի «Ալ-Մովասահ» հիվանդանոցը: Այս մասին տեղեկացրել է Սիրիայի «Ալ-Ախբարի» հեռուստատեսությունը: Դրա նախօրեին ևս 7 մարդ է զոհվել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Ռաքքայի Ալ-Ջամե և Ալ-Ղադիմ շրջանի վրա իրականացված հարձակման պատճառով: ԱՄՆ-ի կործանիչներն ավելի վաղ ևս հարվածել են Ռաքքային, հարձակման զոհերի մեծ մասը նույնպես խաղաղ քաղաքացիներ են եղել:


Հնդկաստանի WION հեռուստաընկերությանը Ասադի տված հարցազրույցի հենց հաջորդ օրը` հունիսի 5-ին, ԱՄՆ-ի հրամանատարության ներքո գտնվող, այսպես կոչված, ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի կողմից Ռաքքայի վրա հարձակման պատճառով զոհվել է 21 խաղաղ քաղաքացի: Այս մասին նույն օրվա գիշերը հայտարարել է Լոնդոնում հաստատված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդ կենտրոնը: Հիշյալ կենտրոնի տնօրեն Ռամի Աբդոլռահմանը, ԻՌՆԱ-ի լրատվական գործակալության տեղեկացմամբ, ասել է. «Կոալիցիայի հարձակման ժամանակ զոհված խաղաղ քաղաքացիները խմբված են եղել մի գետի հյուսիսային ափին` Ռաքքայի հարավային տարածքներից հեռանալու նպատակով», ապա նշել. «Քանի որ այս հարձակման վիրավորներից շատերի վիճակը ծանր է հայտարարվել, նախատեսվում է, որ զոհերի թիվը հավելում կկրի»:


Սիրիայի խաղաղ քաղաքացիների դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի նշված հարձակումն իրականացվել է Միացյալ Նահանգների բանակի նոր զեկույցի հրապարակումից մի քանի օր հետո, որով ԱՄՆ-ը տեղեկացրել է, որ 2014 թվականից ի վեր Սիրիայում ու Իրաքում կոալիցիայի իրականացրած հարձակումների պատճառով զոհվել են 484 սիրիացի և իրաքցի խաղաղ քաղաքացիներ: Սակայն, այս տվյալը Սիրիայում և Իրաքում նվազեցված ու կեղծ է համարվում: Ըստ «Էյրվարզ» խմբի ուսումնասիրության, Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների պատճառով զոհվել է շուրջ 3000 խաղաղ քաղաքացի: Վերջին տարիներին ԱՄՆ-ը Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբերի դեմ պայքարի պատրվակով թիրախ է դարձրել նաև խաղաղ քաղաքացիներին: Հունիսի 9-ին նոր տեղեկություններ հրապարակվեցին կոալիցիայի ավիահարվածի պատճառով Սիրիայի խաղաղ բնակիչների զոհվելու մասին: Սիրիայի կառավարական ՍԱՆԱ լրատվական գործակալության տեղեկացմամբ, Ռաքքայի Մաֆրակել-Ջիզրա շրջանում հասված ավիահարվածից զոհվել է 14 խաղաղ բնակիչ, տուժել բազմաթիվ քաղաքացիներ:
Կոալիցիան զուգահեռաբար հարվածում է նաև Սիրիայի կառավարական ուժերին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ-ի գլխավորությամբ «հակաահաբեկչական» կոչված միջազգային կոալիցիան հունիսի 6-ին Սիրիայի հարավում հարվածել է «Իսլամական պետություն» և ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարող Սիրիայի կառավարական ուժերի ստորաբաժանմանը: Միացյալ Նահանգները և կոալիցիան իրենց այդ քայլով, ըստ էության, պաշտպանել են ահաբեկչական խմբավորումներին Սիրիայի բանակի զորասյան հարվածներից ու շունչ քաշելու հնարավորություն տվել նրանց: Հարվածից ոչնչացվել են հրետանային և հակաօդային պաշտպանության մի քանի միջոցներ, վնաս է պատճառվել տանկին, ըստ ամերիկյան աղբյուրների, առնվազն 60 հոգի զոհվել ու վիրավորվել է: Իրանի ԻՌՆԱ գործակալության տեղեկացմամբ, Սիրիայի ուժայիններից զոհվել են 2-ը, 15-ը վիրավորվել:


Եվս մեկ ավիահարված հասցվել է մայիսի 18-ին Ալ-Թանֆ քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող ապառազմականացված գոտու սահմանից դուրս գործող Սիրիայի ու նրա դաշնակիցների ուժերի վրա, ինչի պատճառով զոհվել են մի քանի սիրիացի մարտիկներ:
Իր հերթին, Սիրիայում գտնվող ռուսական ավիացիան անցյալ ամսվա վերջերին ոչնչացրել է «Իսլամական պետության» այն մարտիկների հիմնական մասին, որոնք փորձել են ԱՄՆ-ի և կոալիցիայի աջակցությունն ունեցող, Ասադի վարչակարգին ընդդիմադիր «Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ի կողմից գրավվող Ռաքքայից տեղափոխվել Պալմիրա: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, պարզվել է, որ «Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ից քրդերը և «Իսլամական պետության» մարտիկները պայմանավորվել են, որ ահաբեկիչները Ռաքքայից «հարավային միջանցք» կբացեն, որով քաղաքից դուրս կգան դեպի Պալմիրայի շրջան: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները մայիսի 25-ին ոչնչացրել են դեպի Պալմիրա շարժվող ու խոշոր տրամաչափի գնդացիրներով զինված, զենք-զինամթերքով բարձված 40 պիկապներից 32-ը, լիկվիդացրել ահաբեկիչներից ավելի քան 120-ին:
Սիրիայի բանակի զորասյան վրա անցյալ երեքշաբթի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ինքնաթիռների հարձակումից հետո Ռուսաստանը նշված հարձակումների կրկնության պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է արտահերթ նիստ գումարել:
«Zvezda» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը գրել է. «Մոսկվան պահանջում է ԱԽ-ի արտահերթ նիստի գումարում ՝ Սիրիայի բանակի վրա ամերիկյան կոալիցիոն ուժերի հարձակման հարցը հետաքննելու համար»:


Ֆրանց Կլինցևիչի հավաստմամբ, «Ամերիկյան կոալիցիայի քայլը փաստորեն համարվում է ահաբեկիչներին աջակցություն, որի դեմ պայքարում է Սիրիայի բանակը, և թիրախավորելով սիրիացի խաղաղ բնակիչներին, թուլացնում է հակաահաբեկչական պայքարը»:
Վերոնշյալ պահանջից գրեթե անմիջապես հետո, հունիսի 8-ի երեկոյան կոալիցիայի ավիացիան Ալ-Թանֆ քաղաքի շրջանում դարձյալ ավիահարված է հասցրել Բաշար Ասադին աջակցող զորքերին: Ըստ էության, այս ամենն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների չհայտարարված պատերազմն են Սիրիայի ու նրա ժողովրդի հանդեպ:


Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբի օպերատիվ կենտրոնական վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը, ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հունիսի 9-ին հայտարարել է. «ԱՄՆ-ի հրամանատարության ներքո գտնվող, այսպես կոչված, ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան արգելում է Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ոչնչացումը», ապա հավելել. «Ամերիկյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծելով Սիրիայի բանակի դիրքերը, ձգտում են հզորացնել ահաբեկիչներին»:
Պաշտոնական հաղորդումների համաձայն, ԱՄՆ-ն ու նրա արևմտյան և արաբ դաշնակիցները համարվում են ահաբեկչական խմբեր, այդ թվում ԻԼԻՊ-ի ստեղծման գլխավոր հեղինակները, ինչպես նաև ֆինանսական ու սպառազինման առումով հովանավորները:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը ձեռքի տակ ունենալով բավարար ապացույցներ, անցյալ շաբաթավերջին հաստատեց, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ «միջազգային կոալիցիան» դավադիր գործարքի մեջ է մտել «Իսլամական պետության» հետ: Գլխավոր շտաբի հայտարարության համաձայն, հիշյալ կոալիցիան իր գործողություններով «Իսլամական պետությանն» օգնում է ամրապնդվել Պալմիրայի և Դեյր Էզ Զորի շրջակա տարածքներում: Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար ճեպազրույցի ընթացքում հայտարարել է նաև, որ ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի պայքարի արդյունքն իրենք չեն տեսնում, և որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարն իր նպատակ հռչակելով, կոալիցիան հարվածներ է հասցնում սիրիական զորքերին, շրջապատման տարածքից ԻԼԻՊ-ի մարտիկներին թողնում է ազատորեն դուրս գալ և ամրապնդվել Պալմիրայի և Դեյր Էզ Զորի շրջաններ:


Ասադին աջակցելու և Սիրիայում ի վնաս այդ երկրի իշխանության ու նրա դաշնակիցների բեկում թույլ չտալու համար, Ռուսաստանը Միջերկրական ծով է գործուղել 15 ռազմանավեր: Սիրիայի «Ալան» լրատվական կայքի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Սև ծովում տեղակայված Ռուսաստանի նավատորմի տեղեկատվական կենտրոնը:
Իր հերթին, անցած ուրբաթ Սիրիայի զինված ուժերի իրականացրած գործողությունների շնորհիվ կտրվել են ԻԼԻՊ-ի մատակարարման ուղիները: Այս մասին, հղում կատարելով Սիրիայի բանակի հրամանատարության հայտարարության վրա, տեղեկացրել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ հունիսի 9-ին ավարտին է հասցրել սիրիական անապատի ազատագրման առաջին և կարևորագույն փուլը՝ գրավելով ռազմավարական նշանակալի դիրքեր և հասնելով մինչև Թանաֆ շրջանի հյուսիս-արևելք , ապա նաև՝ Իրաքի սահման: Սիրիական բանակին հաջողվել է անապատի 20 հազար քառակուսի կիլոմետր տարածքն ազատագրել ահաբեկչական խմբավորումներից:
Սիրիայի բանակի հրապարակած հաղորդագրության մեջ նշված է. «Այս հաջողությունը ռազմավարական իրադարձություն է համարվում ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Այս գործողությունների արդյունքում ոչնչացվել են ԻԼԻՊ-ի հարյուրավոր ահաբեկիչներ և կտրվել են այդ խմբավորման մատակարարման ուղիները»:


Սիրիական բանակի հրամանատարությունը ԱՄՆ-ի գլխավորած հակաիլիպական միջազգային կոալիցիային հերթական անգամ զգուշացրել է ոտնձգությունների և բանակի առաջխաղացումը կանխելուն ուղղված փորձերի հետևանքների կապակցությամբ:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3850

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ